BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան

«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան
20.05.2015 | 15:39

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ.
«Տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում կա մեծ վտանգ, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին: Այսօրվա աշակերտի համար բոլոր առարկաները՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, շատ կարևոր են, հատկապես բնագիտական և տեխնիկական առարկաները՝ տեղակատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ ձեռք բերելու համար: Բայց չմոռանանք, որ գիտելիք հաղորդելը դպրոցի հիմնական առաքելություններից մեկն է միայն, մյուս առաքելությունը ազգային ինքնության արժեհամակարգի ձևավորումն ու փոխանցումն է սերունդներին: Մենք ունենք պետական կրթական չափորոշիչով ամրագրված բազում առարկաներ, որոնք նպաստում են հայ մարդու դաստիարակությանը: «Ազգային երգ ու պար» առարկան գալիս է լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որ մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ունենան, այլ նաև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ծրագրի նպատակը արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ՝ այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը: Գնահատելով մեկ տարի առաջ փորձնական տարբերակով ներդրված ծրագրի արդյունքները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առարկայի ներդրման մեթոդական փնտրտուքը սպառված չէ և ավելի լավ արդյունքների համար աշխատանքները մշտապես շարունակվելու են:
Միջոցոռմանը ներկա են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, «Կարին» ազգագրական համույթի նախագահ Գագիկ Գինոսյանը:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:
Միջոցառումից հետո ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են ծրագրի ընդլայնման հնարավորություններին, ներդրման նպատակահարմարությանը և մի շարք այլ խնդիրների: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ գալիք սեպտեմբերից ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կավելանա,. «Ծրագրի փորձարկումը և բովանդակային բոլոր առաջարկությունները քննարկվում են միջգերատեսչական աշխատանքային խմբում, որոնք հաշվի կառնվեն դասավանդման ծրագրի լրամշակման ընթացքում»,- նշել է նախարարը: Անդրադառնալով դպրոցներում պարուսույց մանկավարժների և համապատասխան դասաժամերի առկայության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկան ուսուցանվում է շաբաթական երկու դասաժամով / հատկացվել է ֆիզկուլտուրայի մի դասաժամը, իսկ երկրորդ դասաժամը հատկացվել է դպրոցական բաղադրիչի հաշվին/, իսկ կադրերի հարցը նախնական փուլում լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝ բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ